19 մայիսի 2017 - 23:25 AMT
ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը մայիսի 19-ին միաձայն ընդունել է թիվ 191 բանաձևը՝ վերնագրված՝ «Ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Այս բանաձևի ընդունմամբ Տեխասը դարձավ Միացյալ Նահանգների 46-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչել է 1915-1923 թթ. հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:

Ընդունված բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Առաջին աշխարհամարտի ընթացքում քանդվող Օսմանյան կայսրությունը սկսեց ավելի քան 2 մլն հայ բնակչության ոչնչացման համակարգային գործընթացը: Արդյունքում մոտ 1.5 միլիոն հայ ոչնչացվեց, և այսօր Հայաստանում, որը հայերի հայրենիքի ընդամենը 10%-ն է կազմում, բնակվում է 3 միլիոն հայ, մինչդեռ հայոց Սփյուռքը հաշվվում է 8-10 մլն՝ ներառյալ ԱՄՆ-ի հայերին»:

«Շնորհակալ ենք Տեխասի Ներկայացուցիչների պալատին պատմության ճիշտ կողմում կանգնելու համար՝ իրենց դինամիկ նահանգը դարձնելով մի միության անդամ, որը հարգում է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհի հիշատակը՝ չնայած թուրքական ընդդիմությանը»,- նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը, հաղորդում է The Armenian Weekly-ն:

Վերջինիս խոսքով` այս անհավանական հաղթանակը հնարավոր է դարձել Տեխասի հայ համայնքի ակտիվ և միասնական ջանքերի և նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Սքոթ Սենֆորդի անդրդվելի ղեկավարության շնորհիվ:

191 բանաձևը Ներկայացուցիչների պալատի քննարկմանը Սենֆորդը ներկայացրել է հունվարի 26-ին, որին հաջորդել են Միջազգային առևտրի և միջկառավարական հարցերով հանձնաժողովի լսումները ապրիլի 24-ին:

Ներկայիս բանաձևի ընդունումը Տեխասի օրենսդիր մարմնի հերթական քայլն է` ուղղված Ցեղասպանության ճանաչմանը: Դեռևս 2015թ-ին նահանգը մերժել էր մի շարք հակահայկական բանաձևեր, հետագայում ընդունել 1541 բանաձևը, որով աջակցություն էր հայտնում Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած մոտ 132.000 հայ երեխայի:

Տեխասի բանաձև հետևել է Վայոմինգ նահանգի կառավարության ընդունած որոշմանը, որով այն ապրիլին ճանաչել և դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով, լրացել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի անդամ 19 նահանգի ցանկը, որոնք բոլորն էլ ճանաչել են Ցեղասպանությունը: Այդ նահանգներն Ալյասկան, Արիզոնան, Կալիֆոռնիան, Կոլորադոն, Հավայները, Այդահոն, Կանզասը, Մոնտանան, Նեբրասկան, Նևադան, Նյու Մեխիկոն, Հյուսիսային Դակոտան, Օկլահոման, Օրեգոնը, Հարավային Դակոտան, Տեխասը, Յուտան, Վաշինգտոնը և Վայոմինգը: