20 մայիսի 2017 - 12:02 AMT
ՀՀ 3 պատանի հեծանվորդ կմասնակցի օլիմպիական փառատոնին

Հայաստանի խճուղային հեծանվավազքի առաջնության արդյունքներով որոշվել է այն երեք պատանի հեծանվորդի անունները, որոնք Հունգարիայում մասնակցելու են օլիմպիական փառատոնին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը հայտնել է, որ թիմում ընդգրկվել են Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը և Հենրիկ Երանոսյանը, իսկ Արման Ազիզյանը կլինի պահեստային:

ՀՀ մյուս հեծանվորդները պատրաստվում են հեծանվահրապարակի Մ 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությանը (հուլիսի 18-23, Պորտուգալիա): Հավաքականի վերջնական կազմը կորոշվի հեծանվահրապարակի ներքին առաջնությունից հետո:

«Խճուղու Հայաստանի առաջնությանը մեր հեծանվորդները լավ հանդես եկան: Մինչև Եվրոպայի առաջնությունը և օլիմպիական փառատոնը, պատրաստվելու ժամանակ ունենք: Աշխատելու տեղ կա, կփորձենք լրացնել բոլոր բացերը: Մինչև աշխարհամասի առաջնությունը հավաք կանցկացնենք Ծաղկաձորում»,- ասել է մարզիչը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Արմեն Գյոզալյանը նշել է, որ մայիսի 20-ին առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանի հետ կմեկնի Ռուսաստան: Ստեփանյանը Տուլա քաղաքում կմասնակցի Գրան Պրիի, որից հետո Մոսկվայում հանդես կգա Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարում:

Մարզիչը նշել է նաև, որ այս տարի խճուղային հեծանվավազքի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին նախատեսվում է Հրաչյա Շաբոյանի մասնակցությունը:

Կարդացեք նաև՝ Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն