Պետեկամուտների կոմիտեն նախատեսում է կատարել կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետևանքով կկրճատվի 483 հաստիք:
Ինչպես հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը, նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները` վերջիններիս փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություններ, և դրանք ներառել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում: Նախատեսվում է նաև կրճատել մաքսատների թվաքանակը և դրանք` որպես վերադաս մաքսային մարմնի վարչություններ, նախատեսել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում:
Նախատեսվում է լուծարել նաև ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների հաշվառման բաժինը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս գործառույթներն իրականացվելու են ստեղծվելիք Հարկ վճարողների սպասարկման վարչության, Փոքր հարկ վճարողների, ինչպես նաև Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչությունների կողմից:
Միաժամանակ նախատեսվում է կոմիտեի աշխատակազմում ստեղծել Ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժին:
Փոփոխությունները միտված են հարկային վարչարարության կատարելագործմանը, ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
PAN-ը նախկինում պատմել էր ՊԵԿ ուռճացված աշխատամասի մասին ու գրել, ինչպես է խնայել միլիարդներ՝ հարկայինի օպտիմիզացիայով: