22 մայիսի 2017 - 12:40 AMT
Ջիվան Ավետիսյանը Կաննի կինոշուկայում ներկայացրել է իր նոր նախագիծը՝ «Դրախտի Դարպասը»

Կինոռեժիսոր, «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի նախագահ Ջիվան Ավետիսյանը Կաննի 70-րդ կինոփառատոնի կինոշուկայում մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ արվեստագետների հետ քննարկել է գործակցության հետ կապված մի շարք հարցեր։

Այս անգամ Ջիվան Ավետիսյանը ներկա է կինոփառատոնին իր հաջորդ՝ «Դրախտի Դարպասը» ֆիլմի սցենարի համահեղինակի՝ Արտավազդ Եղիազարյանի հետ (սցենարի հեղինակներն են՝ Արտավազդ Եղիազարյանն ու Մկո Մալխասյանը)։ Հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք եվրոպական կինոարտադրող, ինչպես նաև տարբեր համաշխարհային դիստրիբյուտորական ընկերությունների հետ։

«Դեռևս վաղ է խոսել դերասանական և ստեղծագործական կազմի, համարտադրողների և դիստրիբյուտորական ընկերությունների մասին: Սակայն գոհունակությամբ կարող եմ ասել, որ ինչպես արդյունավետ էր փետրվարին Բեռլինի կինոշուկայում ներկայանալը, այնպես էլ, որպես այդ պրոցեսի շարունակություն, հաջողված է Կաննի կինոշուկայում մեր ներկայությունը։ Ընդամենը ազնիվ և հետևողական աշխատանքով կարող ենք հասնել մեր բաղձալի ցանկությանը»,- խոսելով նոր ֆիլմի մասին՝ ասել է ռեժիսորը։

Կաննի կինոշուկայում աշխատանքներ են տարվում նաև «Վերջին բնակիչը» ֆիլմի համաշխարհային դիստրիբյուտորի՝ «Գալոփինգ ֆիլմս»-ի հետ միասին՝ դիստրիբյուցիայի ընդլայնման ուղղությամբ։

Միջազգային այս կինոփառատոնին մասնակցությունից հետո կհաջորդի «Վերջին բնակիչը» ֆիլմի եվրոպական ցուցադրությունների սկիզբը՝ Հոլանդիայում (Ալեմլո՝ մայիսի 26, Ամստերդամ՝ մայիսի 27), Ֆինլանդիայում (Հելսինկի՝ մայիսի 30) և Շվեդիայում (Ստոկհոլմ՝ հունիսի 2, Ուփսալա՝ հունիսի 4), որոնց ռեժիսորն անձամբ ներկա կլինի։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական Apricot Stone, ամերիկյան Alpha Dogs, INQ և Mօsaics Art & Cultural Foundation ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ միասին, ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։

«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։