19 նոյեմբերի 2007 - 15:32 AMT
Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական բյուջեների աճը մտահոգում է ԵՄ-ին
Քանի դեռ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ չկա ոչ մի գոնե նախնական համաձայնագիր կողմերի միջեւ, պատերազմի հավանականությունը միշտ պահպանվում է, PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Իրավիճակը կարող է կայուն թվալ, սակայն միջադեպեր հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լինում են գրեթե ամեն շաբաթ: Դա շատ վտանգավոր է, քանի որ կարող է մարտական գործողությունների պատճառ դառնալ: Պետք է ընդգծեմ, որ ԵՄ-ն չունի միջադեպերին հետեւելու մանդատ եւ մոտ ապագայում չի ունենա»,-ասել է նա:

Միեւնույն ժամանակ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ մտահոգիչ է Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական բյուջեների աճը: «Ադրբեջանն արագ զարգանում է եւ իրեն ուժեղ է զգում, սակայն դա չի նշանակում, որ նա կարող է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով կամ տնտեսական ճնշման միջոցով: Ադրբեջանի այդ հույսերը չափազանցված են, Հայաստանը եւս զարգանում է, եւ բնականաբար, ավելացնում է ռազմական ծախսերը: Իրավիճակն աշխարհում մշտապես փոխվում է, եւ իրավիճակը, որը կայուն էր թվում 1-2 տարի առաջ, այժմ կարող է փոխվել: Ես կարծում եմ, որ այստեղ առիթ կա վերաիմաստավորելու իրավիճակը»,-նշել է Պիտեր Սեմնեբին:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ