23 մայիսի 2017 - 15:01 AMT
2 ստարտափ-ընկերություն 10-ական մլն դրամի ֆինանսական ներդրման առաջարկ կստանա

«AR magic» և «Webex technologies» թիմերը հաղթել են մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթը:

Ինչպես հայտնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, նրանցից յուրաքանչյուրը 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրման առաջարկ կստանա` ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար:

Հայտարարված մրցույթին հայտ էր ներկայացրել շուրջ 30 թիմ, որոնցից 10-ը ապրիլի 28-ին հրավիրվել են կազմակերպության գրասենյակ՝ հանձնաժողովի անդամներին ներկայացնելու իրենց նախագծերը: Մրցույթի արդյունքում ընտրված 5 մասնակից թիմերն անցել են հաջորդ փուլ, որտեղ և ընտրվել են լավագույն 2 առաջարկները: