23 մայիսի 2017 - 15:24 AMT
«Կոշի» դատապարտյալի կտավը նվիրաբերվել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սարգսյանի հեղինակած մեծածավալ կտավը նվիրաբերվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը:

Կտավում պատկերված են «Նեմեսիս» գործողության պատասխանատուները, որոնց հեղինակը պատկերել է արդարադատություն իրականացնողների հանդերձանքով` որպես հայ ժողովրդի հավաքական վրեժի խոսուն արտահայտություն:

«Նեմեսիս», գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։ Կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Նեմեսիս է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով: