Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանի համար Օլիմպիական ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը Գերմանիայում կայանալիք վարկանիշային մրցաշարն է լինելու: Այս մասին ասել է ինքը՝ Հայաստանի չեմպիոն Գալուստյանը:
«Աշխարհի առաջնությունում լավ հանդես գալուն խանգարեց ուժեղ հոգեբանական լարվածությունը: Շատ էի ցանկանում օլիմպիական ուղեգիր նվաճել և արդարացնել իմ և ուրիշների հույսերը: Կարծում եմ, որ իմ գնահատականները մի փոքր իջեցված էին: Արդյունքում ինձ ընդամենը մեկ տեղ չբավականացրեց:
Վերջին հնարավորություն է մնում՝ սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք վարկանիշային մրցաշարը: Ճանապարհս դեպի օլիմպիական խաղեր երկար էր և պետք է այնտեղ հանդես գամ: Գերմանիայում անհրաժեշտ է տեղ զբաղեցնել լավագույն վեցյակում: Այդ մրցաշարին կավելանան գեղասահորդներ այն երկրներից, որոնք աշխարհի առաջնությանը չեն մասնակցել», - ասել է Գալուստյանը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Նրա խոսքով, Երևանի սահադաշտը դուր է գալիս, այնտեղ բոլոր պայմանները կան: Մարզվում է Ծաղկաձորի մարզաբազայում:
Գալուստյանն ամենայն հավանականությամբ աշնան սկզբին Իտալիայում կմասնակցի միջազգային մրցաշարի: Դա Գերմանիայի վարկանիշային մրցաշարից առաջ գլխավոր փորձը կլինի:
Անաստասիա Գալուստյանն ապրում ու մարզվում եմ Մոսկվայում: Գեղասահքի 2017-ի աշխարհի առաջնությանը նա 23-րդ տեղն էր գրավել:
2017-ի Եվրոպայի առաջնությունում հայ գեղասահորդուհին զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:
Կարդացեք նաև՝ Աթլետիկայի թիմային ԵԱ-ին ՀՀ-ից 16 մարզիկ կմասնակցի
Ուղին անվանում է առաջնամագլցողը. Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու