24 մայիսի 2017 - 15:32 AMT
Aerosmith-ը երգել է ի աջակցություն Մանչեսթերի

Aerosmith խմբի առաջատար Սթիվ Թայլերը հրաժեշտի համերգային շրջագայության շրջանակում մայիսի 23-ին Մոսկվայում համերգի ժամանակ աջակցություն է հայտնել բրիտանական Մանչեսթերին, որտեղ ահաբեկչության հետևանքով 22 մարդ է զոհվել, մոտ 120-ը՝ վիրավորվել:

Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 120-ը:

Թայլերը մտորել է այն հարցի շուրջ, թե ինչու են գրոհայիններն իրենց բոլորից վեր դասում: «Եթե ԻՊ-ն կարծում է, որ կարող է գրավել աշխարհը, ապա կարող է միայն երազել դրա մասին»,-ասել է Թայլերը Dream On երգը կատարելուց առաջ, գրում է Lenta.ru-ն:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Մանչեսթերում ահաբեկչությունից հետո որոշել է բարձրացնել ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մինչև առավելագույն՝ կրիտիկական մակարդակը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 23-ին օրվա ընթացքում երկրորդ արտահերթ խորհրդակցության ժամանակ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԲ ոստիկանությունը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, որն ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում: «Կարող ենք հաստատել, որ Մանչեսթերի ահաբեկչության կասկածյալը 22-ամյա Սալման Աբեդին է»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ընթերցեք նաև. Պայթյուն վերջին ակորդի ժամանակ. Ինչ է հայտնի Մանչեսթերի ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ