24 մայիսի 2017 - 11:49 AMT
ՀՀ չգազաֆիկացված համայնքներին կառաջարկվի անցնել արևային էներգիայի օգտագործման

Հայաստանի չգազաֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը դիտարկում է մի շարք այլընտրանքային տարբերակներ։ Խոսքը, մասնավորապես, արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։

Նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ, ՀՀ վարչապետի հանձնարականի շրջանակներում ներկայումս յուրաքանչյուր համայնքի մասով իրականացվում են նախնական հաշվարկներ՝ կապված ինչպես գազաֆիկացման ծախսերի, այնպես էլ այլընտրանքային տարբերակների կիրառման հնարավորության հետ.

Հայաստանի 329 համայնք գազաֆիկացված չէ։ Խոսքը 150.000 մարդու կամ երկրի բնակչության 5 տոկոսի մասին է։

Միայն այդ հաշվարկներից հետո հնարավոր կլինի գնահատել փոխշահավետ լուծման տարբերակը:Նախատեսվում է մինչև այս տարվա հուլիսի 1-ը յուրաքանչյուր համայնքի համար ներկայացնել կոնկրետ առաջարկ։

Նման փորձ արդեն իսկ կա՝ Լեռնամերձ գյուղը: ՓոխնախարարՀայկ Հարությունյանի խոսքով՝«այս գյուղում մարդիկ պահանջում էին, որ ունենան գազ, մենք հաշվարկներ արեցինք և ներդրումը ահռելի մեծ էր։ Որոշեցինք արևային էներգիայով նրանց գյուղը մատակարարել: Ներդրումը նախնական հաշվարկից 3 անգամ պակաս ստացվեց, իսկ էներգիան արդյունքում մարդկանց հասավ անվճար»:

Կարդացեք նաև՝ Հայկ Հարությունյան. Արևային էներգիայի անցնելու համար մեկ ընտանիքից մոտ $1500 կպահանջվի