24 մայիսի 2017 - 14:20 AMT
Ոստիկանությունը՝ ծնողներին. Վերջին զանգի օրն անչափահասներին մեքենա մի տրամադրեք

Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը կոչ է արել շրջանավարտներին մայիսի 26-ին, երբ Հայաստանի ավագ դպրոցներում կհնչի «Վերջին զանգը», ձեռնպահ մնալ մեքենա վարելուց:

«Ծնողներին հորդորում եմ ոչ մի դեպքում տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան, ուսուցիչների հետ համագործակցեք զանգվածային միջոցառումների ժամանակ և հիշեք, որ ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Տոնական օրն առավոտից Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու դպրոցամերձ տարածքներում, հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում: Ձեռնարկվելու են բոլոր միջոցառումները հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, դրսևորվելու է օրինաչափ խստություն, անհրաժեշտ պահանջկոտություն և անհանդուրժողականություն հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ:

Մայիսի 26-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում: