20 նոյեմբերի 2007 - 17:36 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի գերնպատակը Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը սուբյեկտիվ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի բացակայության հարցով քննադատությունը: «Դա սուբյեկտիվ գնահատական է, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ նա, ով նման գնահատական է տալիս, չի կարող որեւէ բան վստահորեն ասել: Եթե կա մեկը, ով կարող է վստահորեն ինչ-որ բան ասել բանակցությունների մասին, ապա դա ես եմ, քանի որ հենց ես եմ անմիջականորեն ներգրավված գործընթացում եւ վարում են բանակցությունները` ուղղակիորեն հրահանգներ ստանալով նախագահից»,- հայտարարել է Օսկանյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում` մեկնաբանելով բանակցություններում վերջին տարիներին առաջընթացի բացակայության մասին հայտարարությունները:

Վարդան Օսկանյանի խոսքերով, այսօր բանակցությունների սեղանին գտնվող փաստաթղթի հիմնական կետը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է հանրաքվեի միջոցով: «Ես դա հաջողություն եմ համարում, քանի որ 10 տարի առաջ մենք չէին կարող խոսել ինքնորոշման մասին, միջազգային հանրությունը մեզ անմիջապես կդատապարտեր: Այսօր մենք ոչ միայն բացեիբաց խոսում ենք այդ մասին, այլ դա ամրագրված է փաստաթղթում»,- ասել է նա:

Այդ կապակցությամբ, ԱԳՆ ղեկավարը նշել է, որ քննադատություններ եւ մեղադրանքներ չի ընդունի, որ վերջին տարիներին Ղարաբաղի կարգավորման գործընթացը հեռացել է ազգերի ինքնորոշման սկզբունքից: «Ինքնորոշման սկզբունքը շարունակում է մնալ բանակցային փաստաթղթում: Ավելին, առաջին անգամ բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում ազգի ինքնորոշման իրավունքը դրված է փաստաթղթի հիմքում, եւ դա ստացել է միջազգային որոշակի ճանաչում, քանի որ համանախագահները այդ մասին խոսում են հասարակայնորեն»,- ասել է նա:

Օսկանյանը նաեւ հերքել է կարգավորման գործընթացի ձգձգման մեղադրանքները: «Երբ առաջարկվեց ընդհանուր պետության գաղափարը եւ սկսվեց Քի-Վեստի գործընթացը, մենք պատրաստ էին փաստաթուղթը հասցնել տրամաբանական ավարտի եւ համաձայանգիր կնքել: Այսօր մենք հավանություն ենք տվել բանակցային սեղանին գտնվող փաստաթղթին, որը հանդիսանում է Պրահայի գործընթացի արդյունք»,- ասել է Օսկանյանը: Նրա խոսքերով, հայկական կողմի գերնպատակը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է եւ «դրանից ցած մենք չենք իջնի», հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: