24 մայիսի 2017 - 17:53 AMT
ՀՀ ԱԱԽ. Գունավոր հեղափոխությունների սպառնալիքը հնարավոր է կանխել միասնաբար

Գունավոր հեղափոխությունների սպառնալիքը, որի զոհ կարող է դառնալ ցանկացած պետություն, հնարավոր է կանխել միասնաբար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Արամ Թանանյանը ՌԴ-ում անվտանգության հարցերին նվիրված ոլորտի բարձրագույն ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը:

Մայիսի 24-ին ՌԴ Տվերի շրջանում մեկնարկել է անվտանգության հարցերը համակարգող բարձրագույն ներկայացուցիչների միջազգային ութերորդ հանդիպումը։Միջոցառմանը մասնակցելու են ժամանել պատվիրակություններ 95 երկրից։

Հանդիպմանը քննարկվել է գունավոր հեղափոխությունների հակազդման թեման, հայտնում է «Sputnik Արմենիան»։

«Ժամանակակից աշխարհում գունավոր հեղափոխությունների զոհ կարող է լինել յուրաքանչյուր պետություն, եթե ժամանակին քայլեր չձեռնարկի նման (արտաքին) միջամտությունը կանխելու համար։ Դա կապված է հասարակության կայունության հետ, թե որքանով է հասարակությունը վստահում իր ղեկավարներին, պահպանում ավանդական արժեքները։ Մենք տեսնում ենք, թե ինչ և ինչպես տեղի ունեցավ Ուկրաինայում»,- ասել է Թանանյանը։

«Գունավոր հեղափոխությունները» արդիական թեմա են։ Այդ «գրասենյակը» պետք է միասնաբար փակել, որպեսզի աշխարհի բոլոր պետությունները հասկանան դա և հետ մղեն»,- ասել է Թանանյանը։

Նա բարձր է գնահատել անվտանգության հարցերով միջազգային հանդիպումների ձևաչափը, որն ամեն տարի անցկացվում է Ռուսաստանում ՌԴ անվտանգության խորհրդի հովանու ներքո։ Թանանյանի խոսքով` ֆորումը լիովին արդարացրեց իրեն գլոբալ մարտահրավերներին և սպառնալիքները հակազդելու համատեղ արդյունավետ միջոցներ մշակելու տեսանկյունից։