Բաքուն կարող է հրաժարվել վճարումներից սնանկացած խոշորագույն պետբանկի վարկատուներին: Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել Ադրբեջանի Միջազգային բանկի վարկատուներին և համարում է, որ պետական երաշխիքներն այս դեպքի վրա չեն տարածվում:
Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միջազգային բանկը, որը խոշորագույնն է երկրում, դադարեցրել է վճարումները վարկատուներին և բանակցություններ կվարի վարկատուների հետ վերակազմավորման մասին: Մայիսի 10-ին բանկը մոտ $100 մլն չի վճարել հիմնական պարտքի գծով և տոկոսներով:
«Վարկատուները շատ դժգոհ են, որ պարտքի մի մասը կարող է չեղյալ համարվել: Այդ առաջարկը վկայում է, որ պետությունը չի ցանկանում վճարել, թեև ունի վճարելու հնարավորություն»,-ասել է Լուտց Ռեմեյերը, որը $2,2 մլրդ ակտիվների կառավարիչն է, ներառյալ ԱՄԲ պարտատոմսերը, գրում է Forbes-ը:
Վարկատուները, որոնց առաջարկվում է փոխանակել բոնդերը 20-տոկոսանոց դիսկոնտի հետ բանկի պարտքի վերակազմավորման շրջանակում, զգուշացում են ստացել, որ կազմակերպությունը կարող է փակվել, եթե նրանք դեմ դուրս գան պլանին: Իսկ Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ բանկի վրա երբեք չեն տարածվել լիարժեք ինքնիշխան երաշխիքները:
Ադրբեջանի Միջազգային բանկն առաջարկում է փոխանակել իր $3,3 մլրդ կազմող արտաքին պարտքը նոր պետական պարտատոմսերով և կազմակերպության բոնդերով: Այդ մասին ասվել է Լոնդոնում կայացած շնորհանդեսի ժամանակ, հայտնում է Bloomberg-ը: Առաջարկվող ծրագիր պարտադիր կդառնա, եթե ստանա վարկատուների հավանությունը, որոնց բաժին է ընկնում պարտքի երկու երրորդը: Ադրբեջանը մտադիր է ավարտել վերակազմավորումը մինչև օգոստոսի 24-ը:
Ղազախստանը միլիարդներ է կորցրել Ադրբեջանի Միջազգային բանկի սնանկացումից: Ադրբեջանական բանկում էին պահվում Ղազախստանի կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցները: Ղազախստանը 71,3 մլրդ տենգե (մոտ 230 մլն դոլար) է կորցրել:
Փորձագետներից շատերը նշում են, որ Ադրբեջանի Միջազգային բանկի խնդիրները նոր չեն սկսվել, դրանք արդեն մի քանի տարվա պատմություն ունեն: Այնուամենայնիվ, 3 տարի առաջ Ղազախստանի Միասնական կուտակային կենսաթոշակային հիմնադրամը որոշեց ղազախստանցիների տասնյակ միլիարդավոր կենսաթոշակային գումաները ներդնել «աղբային վարկանիշ» ունեցող այդ բանկում