25 մայիսի 2017 - 11:51 AMT
ՀՀ-ն հնարավոր է սարքավորումներ մատակարարի Թուրքմենստանին ԱԳԼՃԿ-ներ կառուցելու համար

Թուրքմենստանը հետաքրքրված է գազով ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հայաստանյան փորձով, իսկ ՀՀ-ն պատրաստ է աջակցել մասնավորապես սարքավորումների մատակարարման ուղղությամբ:

Վերջերս այդ երկիր ՀՀ վարչապետի կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով՝ Հայաստան է ժամանել «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի պատվիրակությունը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, քննարկվել են գազի ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։

«Թուրքմենստանը շահագրգռված է մասնավորապես ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման հայաստանյան փորձի կիրառմամբ։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել ինչպես սարքավորումների մատակարարման, այնպես էլ գազալցակայանների կառուցման և շահագործման փորձի տեղայանացման հետ կապված բոլոր հարցերում»,- ասել է Հարությունյանը։

Հայաստանում արտադրվում են ԱԳԼՃԿ-ների կառուցման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները։ Համագործակցության շրջանակներում դիտարկվում են թուրքմենական շուկա դրանց մատակարարման հնարավորությունները։