25 մայիսի 2017 - 16:57 AMT
Ջավախքում Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածը կվերանորոգվի

Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածը կվերանորոգվի:

Մայիսի 23-ին աշխատանքային այցով Ջավախքի Կարծախ գյուղ էին մեկնել ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրագիտության ինստիտուտի և Հայոց ազգագրության թանգարանի գիտաշխատող Արգամ Երանոսյանը՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ներկայացուցիչների, հոգաբարձուների խորհրդի անդամ Գագիկ Վարդերեսյանի ուղեկցությամբ:

Առաջիկայում պլանավորված են տուն-թանգարանի հուշային հատվածի շինարարական աշխատանքներ, մասնավորապես` հողի շերտերի հեռացում և փտած գերանների փոխարինում նոր գերաններով, պատերի և տանիքի ամրացում:

Նախատեսվում է վերականգնել հուշային հատվածը՝ պահպանելով ազգագրական տեսանկյունից կարևոր արժեք հանդիսացող 19-20 դդ Ջավախքի հայկական ժողովրդական բնակարանի առանձնահատկությունները: Այս համատեքստում տարվող աշխատանքները ներառում են Կարծախ գյուղի և հարակից շրջանների 19-20 դդ պահպանված տների ուսումնասիրություն, ներքին կահավորանքի նախագծի պատրաստում և կենցաղային իրերի հավաքագրում, հայտնում էԱշուղ Ջիվանու տուն-թանգարանի տնօրինությունը:

Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրման ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝ ցուցասրահի հատված, որն իրականացվել է 2016թ.-ին, և բացումը տեղի է ունեցել նույն տարվա օգոստոսին, և հուշային հատվածի վերականգնում, որտեղ իր մանկության տարիներն է անցկացրել մեծն աշուղը: Երկրորդ հատվածի բացումը նախատեսված է սույն թվականի օգոստոսին: