21 նոյեմբերի 2007 - 18:24 AMT
Թուրք վերլուծաբանը խորհուրդ է տալիս Հայաստանին զերծ մնալ Հայոց ցեղասպանության խնդրի քննարկումներից
«Որեւէ երկրի խորհրդարանում 20-րդ դարասկզբի իրադարձությունների քննարկումը հանգեցնում է Թուրքիայում լարվածության աճի, եւ, իմ կարծիքով, Հայաստանը պետք է զերծ մնա այս հարցի ակտիվ արծարծումից, ինչը թույլ կտա բարելավել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ եւ բացել հայ-թուրքական սահմանը»,- Երեւանում «Հայաստանն ու Թուրքիան եվրաինտեգրման գործընթացի լույսի ներքո» գիտաժողովին հայտարարել է թուրք վերլուծաբան Դիբա Նիգար Գոկսելը: Նրա կարծիքով, Ղարաբաղի գործոնը, որը առիթ է հանդիսանում հայ-թուրքական սահմանի փակման համար, այսօր որոշիչ չէ:

«Թուրքիան ինչ-որ չափով նույնիսկ վախենում է Ադրբեջանի վերաբերմունքից հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը, քանի որ այսօր Ադրբեջանը, ակտիվ տնտեսական զարգացման շնոհիվ, իրեն կարող է որոշակի անկախություն թույլ տալ: Սակայն այն կարծիքը, որ Ադրբեջանը հանդիսանում է Թուրքիայի «փոքր եղբայրը», սխալ է, եւ Անկարան իր ողջ ցանկության դեպքում Ադրբեջանի քաղաքականության վրա ազդելու հնարավորություն չունի»,- ընդգծել է Գոկսելը: