27 մայիսի 2017 - 11:16 AMT
Ադրբեջանցի փորձագետ. Վրացականի անվան տակ երկիր է ներկրվում հայկական կարտոֆիլ ու ծիրան

2017-ի առաջին եռամսյակում Ադրբեջանը 60.000 տոննա կարտոֆիլ է ներկրել, ինչը 20 տոկոսով պակա է քան նախորդ տարի: Ներկրված կարտոֆիլի մեծ մասը Վրաստանից է: Ըստ փորձագետ Վահիդ Մագերամովի, Վրաստանն այնքան կարտոֆիլ չի աճեցնում, որ արտահանի՝ դա հիմնականում հայկական ծագման կարտոֆիլ է, որն էլ ներկրվում է Ադրբեջան:

«Հայաստանից ոչ միայն կարտոֆիլ է ներկրվում, այլ նաև մանր եղջերավոր անասուն, ոչխար և նույնիսկ ծիրան...Սակայն, ըստ փաստաթղթերի այդ ամենը ներկայացվում է որպես վրացական ապրանք»,-ասել է փորձագետը, հայտնում է Meydan TV-ին:

Ապրիլի 23-ին երևանյան խանութներից մեկում «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերի մեջ խնձորների լուսանկարը, այնուհետև՝ տեսանյութը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում: Ադրբեջանական խնձորի ներմուծման գործով ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել:

Ձերբակալությունները կատարվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու, ապօրինի ճանապարհով հանրապետություն գյուղատնտեսական ապրանքներ ներկրելու և ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու հետևանքով պետությանը խոշոր վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում:

Ընթերցեք նաև. Ադրբեջանական խնձորի ներմուծման գործով ՊԵԿ պաշտոնյաներ են կալանավորվել