Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2017»-ը նպատակաուղղված է լինելու Արցախի Հանրապետության տարածքում հիմնականում երկու ծրագրերի իրականացմանը՝ խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգիայի կիրառմանը: ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2017»-ի նպատակաուղղվածության մասին, զեկուցել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Խորհուրդը հաստատել է հիմնադրամի «Մարաթոն-2017»-ի ծրագրերի իրականացման ուղղությունները:
Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլորին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ այն նշանակալի հոբելյան համարելով Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության համատեքստում: Նա նշել է, որ հիմնադրամը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը: Բեղմնավոր և նպատակային գործունեության շնորհիվ հիմնադրամը շարունակում է վայելել մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը:
Հիմնադրամի 25 տեղական մարմինները գործում են աշխարհի 22 երկրներում:
«Անցած 25 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը և աշխատանքներն իսկապես տպավորիչ են թե՛ քանակով և թե՛ որակով: Դրանց շարքում կարելի է առանձնացնել «Ձմեռ» մարդասիրական ծրագիրը, որի շրջանակներում հանգանակված միջոցները 1992-95 թվականներին ուղղվեցին կարևորագույն սոցիալական խնդիրների լուծման: Աղետի գոտում իրականացված բնակարանաշինության շնորհիվ 1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բազմաթիվ ընտանիքներ ստացան նոր կացարաններ: Գորիսն ու Ստեփանակերտը, Արցախի հյուսիսն ու հարավը, Վարդենիսն ու Մարտակերտը իրար կապող ճանապարհների շինարարությունը թույլ է տալիս լուծել մեր ժողովրդի համար մի շարք կենսական և ռազմավարական բնույթի հրատապ հարցեր:
Վստահ եմ, որ ապագայում ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակելու է իր ազգանվեր գործունեությունը՝ ոգևորելով բոլորիս իր հաջողված ծրագրերով, եռանդուն քայլերով և հստակ արդյունքներով»,-ասել է նախագահը:
Օրակարգի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է 2016թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը, որի ավարտին նիստի մասնակիցները դիտել են հիմնադրամի 2016թ. գործունեության մասին տեսաֆիլմը: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի և «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության ներկայացրած եզրակացությունը:
Որոշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին, վերստուգիչ հանձնաժողովի անդամներին և տեղական մարմինների ատենապետներին պարգևատրել հիմնադրամի 25-ամյակի հուշամեդալով: