27 մայիսի 2017 - 16:20 AMT
Երևանում ԼԳԲՏ թեմայով պաստառներ են տեղադրվել

Մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ են հայտնվել:

Կարդացեք նաև՝ Քաղաքապետարան. ԼԳԲՏ անձանց թեմայով սոցիալական գովազդի պաստառներն ապօրինի են

Պաստառներից մեկում երկու նույնասեռական տղամարդ կերպարանավորող տղամարդկանց գրկախառնության նկար է, որտեղ գրված է. «Դու ուզու՞մ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն»:

Մյուս պաստառում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց կոլաժ է ու գրված է. «Դուք հանդիպում եք նրանց ամեն օր»:

Եվ երրորդում պատկերված են երեք ձեռք, իսկ պաստառին գրված է. «Տրանս անձինք մեր հասարակության մասն են»:

Պաստառները ստեղծվել են 2017-ի մայիսին հրապարակված սոցիալական տեսահոլովակների հիման վրա: Հետագայում այլ պաստառներ էլ կլինեն, հայտնում է Փինք Արմենիա հասարակական կազմակերպությունը:

Սոցիալական տեսահոլովակները և պաստառները պատրաստել են Action Studio-ն և Deem Communication-ը` «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի և Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի համագործակցությամբ, Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԼԳԲՏԻ անձանց համերաշխության ցանց Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում: