28 մայիսի 2017 - 19:47 AMT
Հենրիխ Մխիթարյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան է ստացել

Հանրապետության տոնի առթիվ, մարզական փայլուն մրցելույթների և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր պարգևատրեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

ՀՀ նախագահի նստավայրում բարձրագույն պարգևը մարզիկին հանձնեց Սերժ Սարգսյանը։

«Մեր երկրի դիմագիծը փոխելու համար մենք մշտապես պետք է բացահայտենք և մեծարենք արժանավորներին: Դա է լավը՝ վատից, ճիշտը՝ ստից, բարին՝ չարից զատելու և առանձնացնելու ուղին: Հասարակությունները հաջողություններ են գրանցում՝ հենվելով բացառապես ճշմարիտ արժեքների վրա:

Վստահ եմ, որ լավը, ճիշտը, բարին մեր հասարակության անդամներին միավորող արժեքներ են: Դա է մեր պետականության հիմքերն ամրապնդելու և վստահորեն առաջ շարժվելու ճանապարհը:

Այսօր մենք տոնում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձը: Անցած 99 տարիների ընթացքում ստեղծվել են բազում արժեքներ՝ նյութական, հոգևոր, տեխնոլոգիական: Դրանք արդյունք են նվիրյալների և պրոֆեսիոնալների աշխատանքի, նրանց տաղանդի և նպատակասլացության»,- ասաց հանրապետության ղեկավարը: