22 նոյեմբերի 2007 - 18:24 AMT
Ռուսաստանի նախագահը հավակնում է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ
Այլընտրանքային էներգիայի միջազգային կենտրոնը Ցյուրիխում առաջադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու համար: Այսպիսով, կենտրոնի աշխատակիցները, որոնց նպատակն է նավթի համար ծագող պատերազմների կանխարգելումը, իրենց գոհունակությունն են հայտնել, որ Պուտինը ցանակնում է նանոտեխնոլոգիաների հիման վրա գտնել այլընտրանքային էներգիայի ձեւ:

«Դրա համատեքստում, կարեւոր է նշել, որ այլընտրանքային էներգիայի բնագավառում դեռեւս չկա նավթին արդյունավետ փոխարինող ինչ-որ բան: Նանոտեխնոլոգիաների կորպորացիա ստեղծելու Վլադիմիր Պուտինի գաղափարը ցույց է տալիս, թե որքան լուրջ է այս խնդիրը եւ Ռուսաստանի նախագահի դերը դրա կարգավորման հարցում»,- նշվում է կենտրոնի նախագահ Անետա Էրնստի կողմից ստորագրված հաղորդագրության մեջ:

«Նավթին արդյունավետ փոխարինող միջոց գտնելու ուղղությամբ Վ. Պուտինի ջանքերը ծառայում են համայն մարդկությանը եւ ներդրում են հանդիսանում համաշխարհային խաղաղության կառուցման գործում: Ստացվում է, որ Վլադիմիր Պուտինը արժանի է Նոբելյան մրցանակի»,- գտնում է միջազգային գիտական կենտրոնը, հաղորդում է Վեստին: