29 մայիսի 2017 - 13:27 AMT
ԶՈւ ԳՇ պետ. Զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում

Սահմանում իրավիճակը կայուն է: Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Թեև կա որոշակի լարվածություն, բայց դա մեզ համար որևէ մտավախություն չի առաջացնում։ Այօրվա Զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում»,- նշել է Հակոբյանը, մեջբերում է Panorama.am-ը:

ԶՈւ գլխավոր շտաբի պետը նաև հայտնել է, որ Արցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ ապահովվել է տեսադիտարկման սարքերով, ՀՀ սահմանը՝ մասամբ:

Մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել:Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 550 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր: