29 մայիսի 2017 - 15:52 AMT
Թուրքիայում արտակարգ դրության պատճառով օտարերկրյա ներդրումները հետընթաց են ապրում

Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միության (TÜSİAD) տնօրենների խորհրդի նախագահ Էրոլ Բիլեջիքը անդարադարձել է ձախողված հեղաշրջումից հետո այդ երկրում հայտարարված արտակարգ դրության հետևանքներին:

Բիլեջիքը մասնավորապես ընդգծել է, որ արտակարգ դրության պահպանման պայմաններում օտար ներդրողները հրաժարվում են նոր պայմանագրեր կնքել: Եվ այդ ներդրողների թիվն այնքան մեծ է, որ ուղղակի հնարավոր չէ դա անտեսել: Արտակարգ դրության ռեժիմի պատճառով խնդիրներ են ծագում նաև ուղևորությունների և առողջապահական ապահովագրության ոլորտում:

«Ներդրումները և արտահանումը արդեն երկար ժամանակ է՝ հետընթաց են ապրում: 2012-2016 թթ. ընթացքում միջին տնտեսական աճը նվազել է մինչև 5.3 տոկոս», -ընդգծել է TÜSİAD-ի նախագահը, «Sputnik»-ի թուրքական ծառայությանը հղումով մեջբերում է Ermenihaber.am-ը:

Բիլեջիքը նշել է, որ Թուրքիայի տնտեսական զարգացման վրա իրենց բացասական ազդեցությունն են ունեցել նաև մեկը մյուսին հաջորդած ընտրությունները, պարբերական ահաբեկչական գործողությունները, անվտանգության ցածր մակարդակը, ներգաղթյալների խնդիրը:

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ապահովվել կայունություն և անվտանգություն՝ հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2017-ի մայիսին: