Մխիթարյան միաբանությունը 2017 թվականին նշում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակը: Մխիթար Սեբաստացու, ինչպես նաև՝ միաբանության գործունեությունը հանրության լայն շրջանակներին ներկայացնելու ու հանրահռչակելու նպատակով սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» պատմամշակութային-արգելոց թանգարանում կբացվի «Ձայն տուր, ով կղզյակ» խորագրով ցուցահանդեսը:
Հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը հիմնադրել է Մխիթար Սեբաստացին` 1701 թ., Կոստանդնուպոլսում: 1717 թ. միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ. Ղազար կղզում` կյանքի կոչելով Մխիթարյան միաբանության կարգախոսը` «Ի փառս Աստուծոյ եւ յանուն լուսաւորութեանն ազգի մերոյ»:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, որ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են տարեսկզբից:
Նախանշվող ցուցադրությունը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը հանդիպել է Հայաստանի Մխիթարյան կրթահամալիրի պատասխանատու Հայր Եղիայի հետ, քննարկել ցուցադրության կազմակերպչական աշխատանքներին, արխիվային ու բնագիր նյութերին առնչվող հարցեր:
ՊՈԱԿ-ի տնօրենը խոսել է Մխիթարյան միաբանության արխիվային հարուստ նյութերի որոշ մասը ցուցադրությանը ներկայացնելու, մասնավորապես` միաբանության կազմավորմանը վերաբերող հռչակագրի, միաբանությունում սովորած ու աշխատած նշանավոր մարդկանց, օտարազգի հանճարների բնագիր նյութերի, անձնական իրերի և այլնի մասին:
Կարդացեք նաև՝Ինչպես ստեղծվեց Մխիթարյան միաբանությունը