23 նոյեմբերի 2007 - 18:11 AMT
Մամեդյարովը կոչ է արել Եվրոպային «հրաժարվել երկակի չափանիշներից սառեցված հակամարտությունների նկատմամբ»
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, ելույթ ունենալով Ռիգայում անցնող «Մերձբալթյան երկրները եւ ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը» միջազգային կոնֆերանսին, կոչ է արել Եվրոպային «հրաժարվել երկակի չափանիշներից ՎՈՒԱՄ տարածքում սառեցված հակամարտությունների նկատմամբ»: Բոլոր հակամարտությունները, հավելել է Մամեդյարովը, պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի հիման վրա, հաղորդում է Թրենդը:

«Մերձբալթյան երկրները եւ ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը» միջազգային կոնֆերանսը անցնում է Լատվիայի արտգործնախարարության եւ Բալթյան վեհաժողովի հովանու ներքո` Լատվիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության հետ համատեղ:

Կոնֆերանսին մասնակցելու են ավելի քան 200 քաղաքական գործիչ մոտ 30 երկրներից, երեք մերձբալթյան երկրների` Լատվիայի, Էստոնիայի եւ Լիտվայի խոսնակները, Էստոնիայի եւ Լիտվայի ԱԳՆ ղեկավարները, Վրաստանի, Բելառուսի եւ Մոլդովայի փոխարտգործնախարարները: Կոնֆերանսին մասնակցում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, եվրոպական հարեւանության քաղաքականության կոորդինացման տնօրեն Ռուտգեր Վիսելսը եւ Եվրախորհրդարանի փոխ-նախագահ Դիանի Վոլիսը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, Հայաստանը կոնֆերանսին ներկայացնում է Լատվիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը: