31 մայիսի 2017 - 14:42 AMT
«Մանչեսթեր Յունայթեդը»՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն ըստ հեղինակավոր KPMG աուդիտորական ընկերության: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

Ըստ ընկերության, անգլիական ակումբի արժեքը գնահատվում է €3.186 մլրդ: «Մանչեսթեր Յունայթեդը» առաջ է անցել իսպանական «Ռեալից» (€3.057 մլրդ), որի հետ կիսում էր առաջին տեղը ընկերության 2016-ի զեկույցում:

Վարկանիշի 3-րդ հորիզոնականում իսպանական «Բարսելոնան» է €2.8 մլրդ-ով, որին հաջորդում են գերմանական «Բավարիան» (€2.5 մլրդ), անգլիական «Մանչեսթեր Սիթին» (€2.04), «Արսենալը» (€2.05 մլրդ), «Չելսին» (1.7), «Լիվերպուլը» (1.4), իտալական «Յուվենտուսը» (1.3) և անգլիական «Տոտենհեմը»:

Աղյուսակը եզրափակում է ֆրանսիական «Մարսելը» (€196 մլն): Զեկույցում նշվում է, որ վարկանիշում ընդգրկված 32 ակումբի հանրագումարը €29.9 մլրդ է, ինչը 14 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Վարկանիշը կազմվում է 5 չափանիշի հիման վրա՝ շահութաբերություն, ճանաչում, եկամուտները մարզադաշտից, եկամուտները հեռարձակումից և սպորտային ներուժը: Հաշվի չեն առնվել 2016/17 խաղաշրջանի սպորտային և բիզնես արդյունքները:

Ընթերցեք նաև. Մխիթարյան. Պրեմիեր լիգային ադապտացվելը հեշտ չէր, բայց ինձ մոտ ստացվեց