24 նոյեմբերի 2007 - 13:56 AMT
Սերգեյ Լավրով. Կոսովոյի խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում
«Ռուսաստանն ու Սերբիան միասնական դիրքորոշում ունեն, եւ մենք չենք տեսնում Կոսովոյի խնդրի այլ լուծում, քան այնպիսին, որ հիմնված կլինի միջազգային իրավունքի ամուր հենքի վրա եւ կհանդիսանա բանակցային պայմանավորվածությունների արդյունք»,-Մոսկվայում կայացած Սերբիայի ԱԳՆ ղեկավար Վուկ Երեմիչի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ըստ Լավրովի, չպետք է լինեն նախապես որոշված լուծումներ, արհեստական սահմանափակումներ ժամանակի առումով, եւ լիովին պետք է հաշվի առնվի 1244 բանաձեւը, որը պետք է բոլորը կատարեն:

«Հենց նման սկզբունքներ են դրված եվրոպական միջնորդների «եռյակի» աշխատանքի հիմքում, որի կազմում են Ռուսաստանը, Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն: Հենց այդ սկզբունքներով մենք կառաջնորդվենք առաջիկայում Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ ուղղակի բանակցությունները շարունակելու դեպքում: «Եռյակը» պետք է իր զեկույցը ներկայացնի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին մինչեւ դեկտեմբերի 10-ը: Դա բոլորովին էլ չի նշանակում, թե ամբողջ աշխատանքն ավարտված է»,-նշել է նա:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը գտնում է, որ կավարտվի միայն այն շրջանը, որը սահմանված էր «եռյակի» համար, որպեսզի նա ջանար գտնել կամ նախանշել որոշ լուծումներ կողմերի ուղղակի բանակցությունների միջոցով: «Կոսովոյի հարցը ցանկացած դեպքում մնում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի իրավասության շրջանակներում եւ վերահսկողության տակ, եւ միայն այդ մարմինը կարող է որոշումներ կայացնել, որոնք կհաստատեն համաշխարհային հանրության հետագա գործողությունները Կոսովոյի կարգավիճակի որոշման հարցում: Պարզ է, որ իրավիճակը Կոսովոյում չի կարող դիտարկվել Բալկանների ընդհանուր իրավիճակից անջատ: Մենք եւ մեր սերբ բարեկամները նույն մոտեցումներն ունենք այն հարցին, թե ինչպես է հարկավոր լուծել կայունության խնդիրը Եվրոպայի այդ կարեւորագույն տարածաշրջանում: Հարկավոր է խուսափել ցանկացած որոշումներից եւ քայլերից, որոնք կստեղծեն անցանկալի, ոչ իրավական միջադեպեր, որոնք կխարխլեն կայունությունը Բալկաններում եւ նրա սահմաններից դուրս»,-ընդգծել է ՌԴ արտգործնախարարը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: