1 հունիսի 2017 - 15:13 AMT
ԱՀ ՊՆ. Արցախում հրամանատարական դիտակետի ոչնչացումն ապատեղեկատվություն է

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն:

«Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք: Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն», - ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրությունում:

Ավելի վաղ՝ մայիսի 31-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ոչնչացվել է արցախյան բանակին պատկանող երկարաժամկետ կրակակետ (ДОТ), նույնպես իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ մայիսի 31-ին ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմի լուրջ խախտումներ չեն արձանագրվել, իսկ նմանաբովանդակ ապատեղեկատվության տարածումը բացառապես ուղղված է ադրբեջանական լսարանին:

Պաշտպանության բանակը շարունակում է լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և որևէ կորուստ չի ունեցել: