26 նոյեմբերի 2007 - 15:10 AMT
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը հայերը պետք է նշեն նոյեմբերի 22-ին, այլ ոչ թե ապրիլի 24-ին
«Որպես ազգ եւ հանրություն, որ արդարություն է պահանջում, մենք հաղթանակի, արդարության եւ իրավունքի հաստատման պահանջ ունենք: Կա մի օր, որ համապատասխանում է այդ պահանջներին: Դա 1920 թվականի նոյեմբերի 22-ն է, երբ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց նախկին Օսմանյան կայսրության, այսինք ժամանակակից թուրքական պետության սահմանների վերաբերյալ որոշումը»,-PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով, Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հիշատակի օրը պետք է նշել նոյեմբերի 22-ին, այլ ոչ թե ապրիլի 24-ին: «Այդ օրը պետք է նշել որպես արդարության վերականգնման օր եւ անվանել Գարեգին Նժդեհի Հայրենատիրություն բառով»:

Արա Պապյանը նշել է նաեւ, որ հայերը, նշելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, միշտ զոհերի դերում են հանդես գալիս, իսկ այս դեպքում հանդես կգան որպես պահանջատերներ եւ միջազգային որոշումները հարգելու ջատագովներ, որին վերաբերում է նաեւ Վիլսոնի Արբիտրաժային որոշումը: «Այդ գաղափարն այժմ փորձարկման փուլում է: Տեսնենք, թե ինչպես դրան կվերաբերվեն Հայաստանում եւ սփյուռքում: Ճիշտ է, պետք չէ մոռանալ, որ սփյուռքը շատ զգայուն է նման հարցերի դեպքում, քանի որ նա Հայոց ցեղասպանության անմիջական հետեւանքն է,-ընդգծել է հայ պատմաբանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ