1 հունիսի 2017 - 16:40 AMT
Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհի ձախակողմյան հատվածը բետոնապատվում է

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի շրջանակներում կառուցվող Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհի ձախակողմյան հատվածում հունիսի 1-ին մեկնարկել են բետոնյա պատվածքի աշխատանքները:

Իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը գործարկել է բետոն փռիչ մեքենան՝ սկիզբ դնելով 2017-ին բետոնյա պատվածքի իրականացման աշխատանքներին: Շինարարական աշխատանքների հսկողությունն իրականացվում է վերահսկող ընկերության՝ «Սաֆեժ»-ի մասնագետների կողմից:

Վերանորոգումից հետո Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում երկշարք ճանապարհը կփոխարինվի քառաշարքով, իսկ շուրջ 15 կմ երկարությամբ հատված, շրջանցելով գործող ճանապարհը, կունենա նոր ծրագիծ, հայտնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների մամուլի ծառայությունը:

Կապալառու կազմակերպությունը ճանապարհի այլ հատվածներում շարունակում է ճանապարհի հողային պաստառի լայնացման, ժայռային գրունտի պայթեցման, ինչպես նաև ջրթող կառույցների և ուղեանցերի շինարարական աշխատանքները:

Ընթացքի մեջ են նաև շրջանցիկ հատվածների շինարարական աշխատանքները: Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 2-ի շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի տրամադրած 180 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային միջոցների հաշվին: