2 հունիսի 2017 - 12:20 AMT
Հնգյակի ծնողներին Մայր աթոռի նվիրած բնակարանի առուվաճառքն ավարտվել է

Երևանում մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակի ծնողներին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի խոստացած բնակարանի առուվաճառքի գործարքն արդեն ավարտվել է, մնում է նրանք ստանան սեփականության վկայականը:

Երեխաների հայրը` Վարդան Կարապետյանը, ասել է, որ բնակարանը նրանց քաղաքում է՝ Մեծամորում, ունի չորս սենյակ, գտնվում է բարվոք վիճակում, գրում է Armtimes.com-ը:

Ինչ վերաբերում է հնգյակից ողջ մնացած երկու փոքրիկներին, հայրը պատմել է, որ փոքրիկների հետ ամեն բան կարգին է: Նրանցից մեկը` Աննան, գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, մյուսը, որ Ռոզին է, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում է («Մարգարյան» հիվանդանոց):

Ծնողներն ամեն օր այցելում են նրանց: Վարդանն ասել է, որ երեխաների մայրն իրեն լավ է զգում և հետվիրահատական խնդիրներ չկան:

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ին մահացել է։ Մայիսի 6-ին հնգյակից մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը:Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: