2 հունիսի 2017 - 17:01 AMT
Փորձագետ. ՌԴ-ում բնակվող 2.5 մլն հայերի մասին տեղեկությունը հավաստի չէ

Ռուսաստանի Դաշնությունում բնակվում է 1 մլն 700 հազարից մինչև 1 մլն 800 հազար հայ: Այդպիսի տվյալներ է ներկայացրել PanARMENIAN.Net-ի թղթակցին Երևանի Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը` մեկնաբանելով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանում մոտ 2.5 մլն հայ է ապրում:

Խմբագրության կողմից. Տողանյանի հայտարարության սկզբնաղբյուր «Էխո Մոսկվի» ռադիոկայանը՝ մեջբերելով դեսպանին, գրել էր. «Մենք համարում ենք, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանում մոտ 2.5 մլն հայ է ապրում՝ ներառյալ ՌԴ քաղաքացիներին, նրանք այստեղ ավելի շատ են, քան ՀՀ քաղաքացիները»: Սակայն տեղադրված ձայնագրությունից՝ 2.12 րոպեից, պարզ է դառնում, որ դեսպանն ասել է. «Հստակ թվեր չկան, կարծում եմ, ոչ մեկի մոտ՝ ոչ ռուսական, ոչ մեր կողմի մոտ: Քիչ թե շատ հասկանալի են սեզոնային աշխատանքների մեկնողների թվերը: Մենք համարում ենք, որ ընդհանուր առմամբ 2-2.5 մլն հայ է ապրում ՌԴ-ում, ներառյալ՝ ՌԴ քաղաքացիներն, ովքեր ավելի շատ են, քան Հայաստանի քաղաքացիները»:

«Այն տեղեկությունները, թե Ռուսաստանում մոտ 2.5 մլն հայ է բնակվում, իրականությանը չեն համապատասխանում: Ժամանակին այդ թիվը շրջանառության մեջ դրեցին ՌԴ հայ համայնքների ղեկավարները: Նրանց շահավետ է նման թվերի մասին խոսել՝ իրենց կշիռը ավելացնելու համար: Նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի առիթով ասել է, որ ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում»,,-ասել է Միքայելյանը:

«Ըստ 2010թ. մարդահամարի, ՌԴ-ում 1 մլն 180.000 հայ է բնակվում: Իմ գնահատականով Ռուսաստանում 1 մլն 700 հազարից մինչև 1 մլն 800 հազար հայ է բնակվում»,-ասել է փորձագետը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ըստ 2015-ի միկրոմարդահամարի ՌԴ-ում մոտ 950.000 հայ է բնակվում:

Ամեն տարի, ըստ Միքայելյանի, ՀՀ-ից Ռուսաստան մշտական բնակության է մեկնում մոտ 30.000 մարդ: Նա նաև հավելել է, որ 1989-ից հետո Վրաստանից ՌԴ է արտագաղթել մոտ 200.000 հայ, Ուզբեկստանից՝ մոտ 30.000 հայ: Միքայելյանը նշել է, որ Ադրբեջանից Ռուսաստան է տեղափոխվել առնվազն 200.000 հայ փախստական:

«Հայաստանից ՌԴ ամեն տարի արտագնա աշխատանքի է մենկում 40-80.000 մարդ»,-ասել է Միքայելյանը: Նա նշել է, որ 2016-ին ՌԴ արտագնա աշխատանքի էր մեկնել ընդամենը 40.000 մարդ: «Դա պայմանավորված էր նրանով, որ 2016-ին ՌԴ-ում տնտեսական ճգնաժամ էր: 2017-ին իրավիճակը մի փոքր բարելավվեց՝ արտագնա աշխատանքի է մեկնել մոտ 60.000 մարդ»,-ասել է Երևանի Կովկասի ինստիտուտի գիտաշխատողը:

Ընթերցեք նաև.ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայտնել է երկրում հայերի թիվը

Фото: Нор Серунд