«Հարթակ» փորձի փոխանակման 3-րդ փառատոնն է անցկացվելու Գյումրիում: «Հարթակը» իրականացնում է գիտելիքների և հմտությունների ազատ փոխանակման գաղափարը՝ վարպետության դասերի, workshop-ի, ակտիվ քննարկումների և միջոցառումների միջոցով։
Այս փառատոնում ներառված են տարբեր ոլորտներ՝ արվեստից մինչև տեխնոլոգիա, սպորտից մինչև սնունդ։
Նախորդ երկու տարիներին փառատոնը տեղի է ունեցել Երևանում. 2017-ին այն անցկացվելու է մշակութային մայրաքաղաք Գյումրիում՝ հունիսի 10-11-ին:
Այս տարի փառատոնը ներկայացնում է մի շարք վարպետության դասեր տարբեր թեմաներով, ինչպիսիք են՝ տեխնոլոգիան, արա ինքդ, առողջ ապրելակերպ, արվեստ և արհեստ։
Գյումրին ունի հին թաղամաս` պատմական շինություններով, հայտնի մարդկանց, դերասաններին, արվեստագետներին և գրողներին նվիրված թանգարաններ: Այդ պատճառով է, որ ընտրվել է այս տարվա փառատոնի խորագիրը՝ ճարտարապետություն և ուրբանիստիկա, ուստիծրագրում տեղ են գտել ճարտարապետության, դիզայնին վերաբերյալ հատուկ դասընթացներ և քննարկումներ։
Այս տարվա «Հարթակը» նաև ճարտարապետական մրցույթ է հայտարարել՝ Գյումրիի Իսահակյան պուրակի բարեկարգման լավագույն նախագծի համար, որը հետագայում կյանքի կոչելու հնարավորություն կունենա:
Վարպետության դասերը կվարեն Գյումրիի ինչպես նաև Հայաստանի այլ քաղաքների և արտասահմանի մասնագետները։ Սա Գյումրու և Հայաստանի այլ համայնքների միջև կամուրջ կառուցելու հնարավորություն է։
«Հարթակ» 2017թ-ի բանախոսների ցուցակում են ամերիկահայ դերասան Արամ Աթամյանը, Տիգրան Լալայանը ավտոդիզայնի համաշխարհային առաջատար Pininfarina s.P.A-ից, գերմանացի ճարտարապետ Հեյկո Կոնրադը, PicsArt ընկերության տեխնիկական տնօրեն Միքայել Վարդանյանը, Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն և շատ ուրիշներ։
Բացի այդ, տեղի կունենան նաև այլ իրադարձություններ՝ ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք, շրջայցեր քաղաքի տեսարժան վայրերով, համերգներ և այլ ժամանցային միջոցառումներ:
Փառատոնն իրականացվում է ԷՕՆ-ի և Քրիստինա Հարությունովայի համատեղ նախաձեռնությամբ: Փառատոնի գործընկերների շարքում են Գյումրու քաղաքապետարանը, «Հույս» Գյումրիի շենացման հիմնադրամը, Վորլդ Վիժնը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Շիրակ Կենտրոն ՀԿ-ն, Բեռլին Արտ հյուրանոցը, ԿԱԶԱ հիմնադրամը, ԼՈՖԹ-ը և այլոք։