3 հունիսի 2017 - 14:19 AMT
Շաբաթն առաջնագծում. Օպերատիվ իրադրությունը հարաբերական հանգիստ էր

Մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:

Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մայիսի 29-ից հունիսի 2-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության 2017թ. պատրաստության պլանի համաձայն, հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի և ենթակա զորամասերի ներգրավմամբ անց է կացվել մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն, որի ընթացքում հաշվի են առնվել ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը: