28 նոյեմբերի 2007 - 15:09 AMT
Կոսովոյի շուրջ բանակցությունները տապալվեցին
Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունների Ավստրիայում ընթացող եզրափակիչ փուլն անարդյունք ավարտվեց: Ոչ Սերբիան, ոչ էթնիկ ալբանացիների գերակշռող բնակչությամբ երկրամասի ղեկավարությունը չցանկացան փոխել իրենց դիրքորոշումը: Կոսովոյի նախագահ Ֆատմիր Սեյդիուն հայտարարել է, որ կողմերին չհաջողվեց համաձայնության հասնել երկրամասի ապագա կարգավիճակի վերաբերյալ բանակցություններում:

Բանակցությունների ավարտինց հետո Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հայտարարել է, թե Բելգրադը չեղյալ կհայտարարի Կոսովոյի իշխանությունների ցանկացած որոշում` միակողմանի կարգով անկախություն հռչակելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Կոսովոն լիակատար անկախություն է պահանջում եւ սպառնում է հայտարարել իր անկախության մասին միակողմանի կարգով: Բելգրադը կտրականապես դեմ է դրան: Նոյեմբերի 10-ին միջազգային միջնորդները` ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է իրենց զեկույցը ներկայացնեն Կոսովոյի կարգավիճակի խնդրի լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: