Հունիսի 7-ին Լաթաքիայի «Հմեյմիմ» ռազմական օդանավակայան է ժամանել Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակով առաջին օդանավը: Սիրիային հատկացվել է մոտ 40 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ:
ԱԳՆ մամուլի ծառայությանը Սիրիայում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ մարդասիրական օգնությունը, որն օդանավակայանում ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, բեռնատարներով կտեղափոխվի սիրիական չորս քաղաք՝ Դամասկոս, Հալեպ, Լաթաքիա և Քեսաբ, որտեղ կիրականացվի օգնության բաշխումը կարիքավոր ընտանիքներին:
Օգնության տեղափոխումը Սիրիա իրականացվում է Ռուսաստանի կողմից տրամադրված ռազմատրանսպորտային օդանավերի միջոցով:
Վերջին մեկ տարվա ընթացքում սա Հայաստանից Սիրիա ուղարկված երրորդ օգնությունն է:
Կարդացեք նաև՝ Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը