8 հունիսի 2017 - 10:45 AMT
Նալբանդյան. Ակնկալում ենք ՀՀ-ԵՄ միջև համաձայնագիրն աշնանը ստորագրել

ՀՀ ԱԳՆ-ն ակնկալում է, որ 2017-ի աշնանը՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, կստորագրվի Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է Հռոմում հայ-իտալական միջակառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի բացմանը։

«Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը սահմանում է մեր դինամիկ առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև ընդլայնված ոլորտային համագործակցության շրջանակը»,- ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ ՀՀ-ԵՄ գործընկերությունը լավ հնարավորություն է ընձեռում Եվրոպական միության անդամ երկրների հետ երկկողմ կապերի հետագա ամրապնդման առումով, և մենք ձգտում ենք օգտագործել այն Իտալիայի հետ մեր համագործակցությունը խորացնելու համար:

Հունիսի 7-ին հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակներում Հռոմում կայացել է Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից կազմակերպված հայ-իտալական գործարար համաժողով, որին մասնակցել է երկու երկրի տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 200-ից ավելի գործարար։ Հայ-իտալական միջակառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի արդյունքներով ընդունվել է արձանագրություն։