Հունիսի 8-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա ռուսական հիփ-հոփի հայտնի ներկայացուցիչ Տիմատիի մեծ համերգը: Համերգի մուտքն ազատ է բոլորի համար:
Ինչպես PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնել է համերգի կազմակերպիչ Jet Set ընկերության հիմնադիր Արման Ալեքսանյանը, ակնկալվում է, որ երևանյան համերգին կմասնակցի ավելի քան 30.000 մարդ:
Մայիսի 12-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երաժշտական Black Star լեյբլի համերգն ընդլայնված կազմով: Համերգին մասնակցել են Տիմատին, L'One-ը, Мот-ը և հայազգի Քրիստինա Սին (Քրիստինա Սարգսյան): Տիմատին բեմ դուրս չի եկել տեխնիկական անսարքությունների պատճառով: Համերգի կազմակերպիչներն ու արտիստը խոսատցան, որ առաջիկայում համերգ կտան Երևանում:
«Համերգի համար հատուկ է ընտրվել Հանրապետության հրապարակը, որտեղ ազատ կարող է 30.000 մարդ տեղավորվել, բայց մենք ավելին ենք ակնկալում»,-ասել է Ալեքսանյանը՝ հավելելով, որ կարող են գալ բոլոր ցանկացողները, անկախ այն հանգամանքից եղել են նախորդ համերգին, թե ոչ:
Ըստ նրա, Տիմատին հանդես կգա որպես մենակատար, համերգը կտևի մոտ 2 ժամ: Մինչ Տիմատիի ելույթը հանդիսատեսին կզբաղեցնեն Տիմատիի պաշտոնական դիջեյը, Black Star DJ-ի մասնակից Philchansky-ին:
«Այդպիսի հնչեղություն Հանրապետության հրապարակում դեռ լսած չեք լինի: Ամեն ինչ ամենաբարձր որակի է, ձայնը գերազանց կլինի»,-ասել է Ալեքսանյանը:
Համերգի սկիզբը 20:00-ին է:
Սա Black Star Inc-ի ներկայացուցիչներն էլի են եղել Հայաստանում համերգով: Տիմատիի և L'One-ի առաջին համերգը Երևանում տեղի է ունեցել 2015-ի դեկտեմբերին, կազմակերպիչը նույն ընկերությունն էր: Այն ժամանակ ևս բոլոր տոմսերը սպառվել էին, իսկ երևանյան համերգն ընդգրկվել էր լեյբլի 2015-ի 10 լավագույն համերգների ցանկում: