8 հունիսի 2017 - 15:48 AMT
Կաննի մրցանակակիրն աճուրդի կհանի իր պարգևը նոր ֆիլմի ֆինանսավորման համար

Կաննի կինոփառատոնում «Ադելի կյանքը» ֆիլմի համար «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած ռեժիսոր Աբդելատիֆ Քեշիշը աճուրդի կհանի իր մրցանակը՝ ավարտին հասցնելու համար նոր ֆիլմը: Քեշիշն այժմ աշխատում է Mektoub Is Mektoub ժապավենի վրա, որը նրա առաջին գործն է 2013-ին «Ադելի կյանքից» հետո:

Երբ բանկը փակեց ավելի վաղ նրան տրամադրած վարկային գիծը, Քեշիշը որոշեց վաճառել իր իրերից մեկը, գրում է «Կինոպոիսկը» THR-ի վրա հղումով:

Այդ ճանապարհով Քեշիշը որոշել է խուսափել նախագծի լճացումից, ինչը կարող էր տարիներ տևել:

«Անհրաժեշտ միջոցները հավաքելու համար ֆրանսիական Quat’Sous արտադրող և կինովարձույթ իրականացնող ընկերությունը վաճառքի է հանում Քեշիշի ֆիլմի հետ կապված հիշարժան իրերը՝ «Արմավենու ոսկե ճյուղից» մինչև յուղաներկ նկարներ, որոնք կարևոր դեր ունեին «Ադելի կյանքը» ֆիլմում»,-ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:

Ռեժիսորի ներկայացուցիչը չի հստակեցրել, թե որքան գումար կպահանջվի ֆիլմն ավարտելու համար՝ չհրապարակելու պահանջով պայմանագիրը վկայակոչելով: Ինքը Քեշիշը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի տվել:

Ռեժիսորի «Ադելի կյանքը» ֆիլմն արժանացել է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղին»: Այն ժամանակ ժյուրին գլխավորած Սթիվեն Սփիլբերգը պատմական որոշում կայացվեց՝ նույն մրցանակով պարգևատրելով ոչ միայն ռեժիսորին, այլ նաև 2 գլխավոր կին դերակատարներին՝ Լեա Սեյդուին և Ադել Էկզարկոպուլոսին: Ժապավենը պատմում է երիտասարդ Ադելի և նկարչուհի Էմմայի սիրո մասին: Ֆիլմը հայտնվեց սկանդալի կիզակետում: