Հայաստանը նախաձեռնել է երկարաժամկետ զարգացմանը միտված լրջագույն բարեփոխումներ: Այս մասին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է հունիսի 9-ին Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցների պատվիրակության հետ հանդիպմանը՝ վստահություն հայտնելով, որ այդ բարեփոխումների շրջանակներում կշարունակվի սերտ և արդյունավետ համագործակցությունը ՀԲ-ի և ԱՄՀ-ի հետ:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործակցությունը և կարևորել միջազգային ֆինանսական այդ կազմակերպություններին Հայաստանի անդամակցությունից ի վեր անցած 25 տարվա ընթացքում համատեղ իրականացված ծրագրերը:
Դրանց շնորհիվ Հայաստանը կարողացել է երկրում ապահովել մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն՝ վարելով համակարգված հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն, ինչպես նաև իրագործել բարեփոխումներ ամենատարբեր ոլորտներում և դրա հաշվին բարձրացնել Հայաստանի տնտեսության արդյունավետությունը:
Հանդիպման մասնակիցները ևս գոհունակությամբ են խոսել գործընկեր Հայաստանի հետ ավելի քան երկու տասնամյակ իրականացվող փոխգործակցության մասին՝ նշելով, որ պատրաստակամ են շարունակել համատեղ աշխատանքը՝ նոր ձեռքբերումներ արձանագրելու ակնկալիքով: