9 հունիսի 2017 - 13:39 AMT
«Կնքահայրը»՝ բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ ըստ կինոսերների

Empire ամսագիրը կազմել է բոլոր ժամանակների լավագույն կինոֆիլմերի վարկանիշը: Ցուցակը գլխավորում է 1972-ին նկարահանված «Կնքահայրը», հայտնում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով:

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի քրեական սագան, որը նկարահանվել է Մարիո Պյուզոյի համանուն վեպի մոտիվներով, պատմում է Նյու Յորքում գործող սիցիլացի մաֆիոզի Կոռլեոնե ընտանիքի մասին: «Կնքահայրը» Կոպոլայի ամերիկյան մաֆիայի մասին եռապատումի առաջին ֆիլմն է:

Երկրորդ հորիզոնականում Ջորջ Լուկասի 1980-ին նկարահանված «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 5. Կայսրությունը պատասխան հարված է հասցնում» ֆիլմն է: Երրորդը 2008-ին նկարահանված Քրիսթոֆեր Նոլանի «Մութ ասպետը» ֆիլմն է, գրում է Lenat.ru-ն:

Առաջին տասնյակում են նաև «Փախուստ Շոուշենկից», «Քրեական ընթերցվածք», «Փառահեղ տղաները», «Ինդիանա Ջոնս. Կորսված տապանի որոնումներում», «Ծնոտները» և «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունը» ֆիլմերը:

Ցուցակը կազմելիս հարցման է մասնակցել 20.000 կինոսեր: