12 հունիսի 2017 - 17:33 AMT
ՄԱԿ-ի ռեգիստր. ՌԴ-ն Ադրբեջանին է մատակարարել խոշոր տրամաչափի հրետանային 6 համակարգ

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել են 2016-ին Ռուսաստանից տարբեր երկրներ արտահանված սպառազինության մասին տվյալները, որոնց համաձայն՝ նախորդ տարի Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր:

Հավանական է, որ սա նախկինում ձեռք բերված համաձայնագրերով մատակարարման ենթակա զինտեխնիկայի մի մասն է: Դեռ անցած տարի հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից Ադրբեջան դեռ չի մատակարարվել որոշ քանակի տանկեր, հետևակի մարտական մեքենաներ և մի քանի տեսակի հրետանային միջոցներ, գրում է Razm.info-ն:

Ըստ ՂԱՄՏՕ վերլուծական կենտրոնի՝ 2011-ին Ադրբեջանը Ռուսաստանից պատվիրել էր հետևյալ հրետանային համակարգերը, «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից (պատվիրված էր 18 միավոր, նախատեսված էր մատակարարել 2013 թ.), «Վենա» ինքնագնաց հրանոթ / ականանետ (18 միավոր, 2013 թ.), «Սմերչ» ՀԿՌՀ (18 միավոր, 2012 թ.), «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ (6 միավոր, 2013–14 թթ. ևս 12 միավոր պատվիրված էր 2013-ին), 2Բ24/2Բ11 ականանետներ (400 միավոր, 2013 թ.):

Նույն զեկույցով ևս մեկ անգամ հաստատվել է նաև Հայաստանին դյուրակիր զենիթահրթիռային համալիրների մատակարարումները: