4 դեկտեմբերի 2007 - 14:36 AMT
Վ. Օսկանյան. Վրաստանից դուրս բերված զենքի Ղարաբաղ տեղափոխելու մասին ասեկոսեները հիմնավորված չեն
Բաքվի կողմից հնչող մեղադրանքները, որ «Վրաստանից դուրս բերված եւ Գյումրիի ռուսական ռազմակայան տեղափոխված ռուսական սպառազինության մի մասը Ղարաբաղում է», ոչ մի ձեւ չեն ազդի Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Վրաստանից դուրս բերված զենքի Ղարաբաղ տեղափոխելու մասին ասեկոսեները հիմնավորված չեն: Դրանք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը, իսկ Բաքուն, նման հայտարարություններ անելով, զուտ քարոզչական նպատակներ է հետապնդում: «Հատկանշական է, որ տարածաշրջանում սպառազինության աճով անհանգստացած կողմը, ինքն է խախտում է Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագրի նորմերը, չի թաքցնում իր ռազմատենչությունը եւ բազմաթիվ անգամներ, այդ թվում ամենաբարձր մակարդակներում, հայտարարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու մասին: Իսկ դա միանշանակ կարող է ազդել ներկա բանակցային գործընթացի վրա»,- հայտարարել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը «Կոմերսանտին» տված հարցազրույցում: