13 հունիսի 2017 - 10:20 AMT
Ապատուրայը վերահաստատել է ԼՂ հարցում ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ ջանքերին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Ջեյմս Ապատուրայը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Դաշինքի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

ՀՀ ԱԳն հաղորդմամբ, նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ ՀՀ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Բացի այդ, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` Գործընկերություն հանուն խաղաղության, Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) ուղղություններով իրականացվող փոխգործակցությանը: Արտգործնախարարը դրական է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության շրջանակներում արձանագրված արդյունքները:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: