ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, որը հրապարակել է Showtime հեռուստաալիքը, հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզությունը սատարել է չեչեն գրոհայիններին ՌԴ-ում իրավիճակը ապակայունացնելու նպատակով: «Երբ մենք խնդիրներ ունեցանք Չեչնիայում, Հյուսիսային Կովկասում, ցավոք, ամերիկացիները սատարեցին այդ գործընթացներին»,-ասել է Պուտինը:
«Այն ժամանակ հստակ կարծիք էր ստեղծվել, որ ամերիկացիները բառացի այլ բան են ասում, իսկ իրականում օգտագործում են ահաբեկիչներին ներքաղաքական իրավիճակը Ռուսաստանում ապակայունացնելու համար»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ապացույցներ ունենք, որ բացի քաղաքական աջակցությունից, եղել է նաև ֆինանսական աջակցություն, դրանցից մի քանիսը մենք ներկայացրել ենք ամերիկյան կողմին»,-ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին է հայտնել Կովկասում աշխատող ԱՄՆ հետախուզության աշխատակիցների անունները: «Նրա արձագանքը շատ ճիշտ էր: Նա ասաց, որ կպարզի»,-ասել է Պուտինը:
Ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» » (The Putin Interviews) փաստագրական ֆիլմի առաջին սերիան ցուցադրվել է Showtime հեռուստաալիքով հունիսի 12-ին: