5 դեկտեմբերի 2007 - 14:13 AMT
Հայկական գործոնը Հարավային Ամերիկայում քաղաքականապես նշանակալի է դառնում
MERCOSUR-ի խորհրդարանի այդ որոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ այդ հանցագործության համար Օսմանյան կայսրության պատասխանատվության մասին վկայում է, որ հայկական գործոնը Հարավային Ամերիկայում քաղաքականապես նշանակալի է դառնում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը: Նա ընդգծել է, որ որոշման նախաձեռնողը Ուրուգվայն էր, որն առաջին երկիրն էր աշխարհում, որ 1965 թվականին ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Հայտարարությունը ստորագրել են 4 երկրների` Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի եւ Պարագվայի խորհրդարանները: Շուտով, հավանաբար, Վենեսուելան, որի օրենսդիր ժողովը եւս հանդես է եկել Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման որոշմամբ, նույնպես MERCOSUR-ի մաս է կազմում որպես լիիրավ անդամ: Նշենք, որ ընթացիկ տարում Չիլիի Ծերակույտը եւս Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ հայտարարություն է ընդունել, եւ Չիլին MERCOSUR-ի հաջորդ գրեթե «բնական» թեկնածուն է: Պարագվայն ընդհանրապես եզակի դեպք է, քանի որ այնտեղ չկա հայկական համայնք: Սակայն, այնուամենայնիվ, այդ երկրի ներկայացուցիչները միաձայն քվեարկել են այդ որոշման օգտին»,-ասել է նա: Տեր-Ղուկասյանն ասել է, որ այդ առումով MERCOSUR-ի խորհրդարանի բանաձեւը Հայաստանի միջազգային հարաբերութիյունների համար ռազմավարական նշանակություն կարող է ունենալ: «Ցավոք, Հարավային Ամերիկան միայն այժմ է ուշադրության արժանանում Հայաստանի իշխանությունների կողմից, եւ ես չափազանց ուրախ եմ, որ նախագահ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Բրազիլիայի դեսպանատուն բացելու մասին:»,-ասել է Սան Անդրես համալսարանի պրոֆեսորը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Մոնտեվիդեոյում MERCOSUR-ի խորհրդարանի ընդլայնված նիստում Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի եւ Ուրուգվայի ներկայացուցիչները ձայների մեծամասնությամբ հավանություն տվեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշմանը, որ կոչ է անում դեռեւս Հայոց ցեղասպանությունը չճանաչած եւ չդատապարտած կառավարություններին նմանատիպ որոշում կայացնել:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ