Հունիսի 12-ին տեղացած կարկուտը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Արմավիրի մարզի տասը գյուղի պտուղ բանջարեղենը: Այս մասին հայտնել է նաև «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով, այդ 10 գյուղը պետք է հայտարարել «աղետի գոտի», որովհետև 100 տոկոսով պտուղը, 90 տոկոսով էլ բանջարեղենը փչացել է` գյուղացիներին պատճառելով ֆինանսական մեծ վնասներ, գրում է Aravot.am-ը:
Նրա խոսքով, գյուղացիներն այս տարի էլ կմնան վարկերի բեռի տակ, եթե կառավարությունը որևէ կերպ նրանց չաջակցի: Նախկին տարիների փոխհատուցման փորձը օրինակ բերելով, Բերբերյանն ասում է, որ ջրի վարձը փոխհատուցելով գյուղացու խնդիրը չի լուծվում և նրան օգնելու եղանակներից մեկն այն կլինի, որ վարկերը ժամանակավորապես սառեցվեն:
Գյուղոլորտի մասնագետի համոզմամբ, բերքը աղետներին` սառնամանիքին կամ բնական այլ երևույթներին ավելի դիմացկուն կլինի, եթե որակյալ պարարտանյութ ստանա, մինչդեռ կառավարության` գյուղացուն հատկացրած պարարտանյութը վրացական ծագման է և ոչ որակյալ, սակայն` էժան է:
Բերբերյանը կարկուտի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը համարում է հակակարկտային ցանցերի կիրառումը, որը 100 տոկոսանոց երաշխիք է տալիս: Բացի այդ, նշյալ ցանցերը 2-3 աստիճանով սառնամանիքը նվազեցնում են:
Հունիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած ուժգին կարկուտից 9 համայքնում վնասվել է միրգ-բանջարեղենը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Արմավիրի մարզպետարանից:
«Տարբեր համայնքներում վնասների չափը տարբեր է. 30-40%-ից մինչև 100% բերքը վնասվել է: Տուժել է կարտոֆիլը, լոբին, խաղողը և այլն», - նշեցին մարզմետարանից:
Յուրաքանչյուր համայնքում բերքի վնասի չափը գնահատելու նպատակով հանձնաժողով կստեղծվի: Վնասների չափերի մասով տվյալները կներկայացվեն կառավարությանը:
Ըստ ռադիոլոկացիոն տվյալների կարկուտ է տեղացել Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Արուճ, Շամիրամ, Արմավիրի մարզի Մրգաստան, Դողս համայնքների, Շահումյանի թռչնաֆաբրիկայի և Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի տարածքներում, որոնք չեն վերասկվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից: Կարկուտ է տեղացել նաև Արմավիրի մարզի վերահսկվող Ամբերդ, Արագած, Լեռնամերձ, Աղավնատուն, Դաշտ, Արգինա, Այգեշատ (Վաղարշապատ) համայնքների տարածքներում: