15 հունիսի 2017 - 13:07 AMT
Սվիտալսկի. Մենք տեղյակ ենք ձայներ գնելու, ընտրակաշառքի, սպառնալիքների, ուղղորդման դեպքերի մասին

Հայաստանում տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունները «կատարյալ» չեն եղել: Նման տեսակետ է հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ հունիսի 15-ին ՀՀ «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովում:

«Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար»,- հայտարարել է Պյոտր Սվիտալսկին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

նա հավելել է. «Այստեղ հավաքվածներից ոչ մեկ չի կարող ասել, որ վերջին ընտրությունները Հայաստանում եղան կատարյալ, ամբողջ լրջությամբ հայտարարել, որ ՀՀ-ն հասել է համապատասխան մակարդակին, հասել է ժողովրդավարական ստանդարտների կատարելությանը», - հունիսի 15-ին ՀՀ «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովում հայտարարել է Սվիտալսկին, գրում է Aysor.am-ը:

Համաժողովին մասնակցել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Սվիտալսկու խոսքով՝ այս ամենը շարունակական գործընթաց է, և Հայաստանը դեռ ճանապարհի կեսին է:

«Ես գիտեմ, թե ինչ արտաքին և ներքին գործոններ են ձևավորել այս ճանապարհը, բավականին երկար՝ համեմատած այլ երկրների հետ, համեմատած նախկին ԽՍՀՄ երկրների հետ: Կարող ենք նաև ճանապարհը գնահատել դրական ՝ մյուս երկիրների հետ համեմատած: Սա թող գնահատեն պատմաբանները: Հաջորդ համապետական ընտրությունները բավականին հեռու են, ես այստեղ չեմ լինելու, շատ փորձագետներ այստեղ չեն լինելու, երևի շատ բաներ մոռացված կլինեն, մինչև Հայաստանի շահակիրները պատրաստվեն հաջորդ ընտրություններին», - նշել է Սվիտալսկին:

Դիվանագետը հույս է հայտնել, որ մի քանի տարի հետո, երբ արդեն Հայաստանը կնախապատրաստվի հաջորդ համապետական ընտրություններին, երկրում «շատ բան փոխված կլինի»:

2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: