15 հունիսի 2017 - 13:14 AMT
ՀՀ-ն մտադիր է ընդլայնել ռազմական արտադրության տեսականին

Հայաստանը մտադիր է ընդլայնել ներհանրապետական ռազմական արտադրության տեսականին և ՀՀ զինված ուժերն ու այլ զորքերը ապահովել ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:

ՀՀ կառավարությունը հաստատել է «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի 2017-ի հունվարի 31-ի կարգադրության կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիրը, հայտնում է Aysor.am-ը։

Նախագիծը կառավարությանը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգնեն Սարգսյանը:

Նախագծի համաձայն՝ որոշման ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը և կկարգավորի իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների միջև հարաբերությունները ռազմարդյունաբերական համալիրում պետական ռազմաարդյունաբերական քաղաքականության ձևավորման, իրականացման հարցերում:

Ակնկալվում է, որ միջոցառումները հնարավորություն կտան նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում ընդլայնել ներհանրապետական արտադրության տեսականին և ՀՀ զինված ուժերն ու այլ զորքերը ապահովել ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:

2016-ի ամռանը ՊՆ փոխնախարար, ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, խոսելով վերջին ժամանակաշրջանում արված նորամուծությունների մասին, նշել էր ջերմատեսիլ սարքերի արտադրությունը և ՀՕՊ համակարգերի արդիականացումը: Նա նշել է, որ գաղտնիության ռեժիմից ելնելով թվարկումներ անել չի կարող՝ սակայն արվել են բոլոր անհրաժեշտ վերլուծությունները, որից կբխեն համապատասխան քայլեր: